19 մարտի 2020 - 11:10 AMT
«Հայաստան» հիմնադրամը դրամահավաքով կաջակցի կորոնավիրուսի դեմ պայքարին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ միանալով COVID-2019 համաճարակի դեմ մղվող պայքարին, դրամահավաք է նախաձեռնում։ Այդ մասին ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

«Ինչպես հայտնի է՝ ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։ Վարակի էքսպոնենտալ աճի հնարավորությամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիմնադրամը ստացված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն։

Գործում է դրամահավաքի առցանց հարթակ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 115 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից