20 մարտի 2020 - 16:58 AMT
Տնտեսագետներ․ Եվրոյի գոտում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում անկում է

Եվրոյի գոտում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում անկում է սկսվել։ Այդ մասին հայտարարել են Վաշինգտոնում գործող Ֆինանսների միջազգային ինստիտուտի (IIF) տնտեսագետները։

2020-ի միջազգային տնտեսության աճի կանխատեսման զեկույցում 0,4% աճ է նշվում, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ ԱՄՀ-ի` 2019-ին ԱՄՆ-ին բաժին է ընկել համաշխարհային ՀՆԱ-ի 15,1%-ը, Ճապոնիային՝ 4%, եվրոյի գոտուն՝ մոտ 11%։ Այդպիսով կարելի է ասել ռեցեսիայի մեկնարկի մասին այն երկրներում, որոնց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության գրեթե մեկ երրորդը։

2 շաբաթ առաջ IIF-ն արդեն նվազեցրել է իր համաշխարհային տնտեսության վերաբերյալ իր կանխատեսումը 2,6%-ից մինչև 1,6%։ Դա կապված էր նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետ Չինաստանում։ «Դրանից հետո տեղի է ունեցել լիարժեք հանկարծակի կանգ կապիտալի գլոբալ շուկաներում՝ COVID-19-ի հետ կապված հարաճուն շոկի, նավթի գների անկման և վարկային շուկաներում աճող սթրեսի պատճառով»,-պարզաբանել է IIF-ի գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը։

Նշվում է, որ շատ մեծ է անորոշության մակարդակը։

Փորձագետները նավթի գների անկումը որակում են որպես գնային պատերազմ ՌԴ և Սաուդյան Արաբիայի միջև։ Մարտի 6-ին ՕՊԵԿ-ն ու ՌԴ-ն, չկարողանալով պայմանավորվել նավթի արդյունահանման կրճատման հարցում, խզեցին գործարքը, որը 2016-ից ի վեր պահպանում էր գները:

ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազեցին՝ սա ամենամեծ անկումն էր վերջին մոտ 30 տարում: Մարտի 9-ի առավոտյան Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել էին $45-ից մինչև $31,02՝ 1 բարելի համար: Նման գին վերջին անգամ եղել էր 1991-ին՝ Պարսից ծոցում ծավալված պատերազմի ժամանակ: