20 մարտի 2020 - 21:10 AMT
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը միանում է կորոնավիրուսի դեմ պայքարին

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն իր շահույթից 5 մլն դրամ է հատկացրել՝ ի աջակցություն ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Սա «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի փոքրիկ ներդրումն է՝ ի օգնություն վարակի դեմ պայքարող և սեփական առողջությունը վտանգող բժիշկներին և ամբողջ առողջապահական համակարգին:

«Հավատում ենք, որ համախմբման և միասնական ջանքերի շնորհիվ կկարողանանք շուտով հաղթահարել այս մարտահրավերը»,- նշում են ընկերությունում։

Մարտի 17-ին բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 գանձապետական հաշիվը, որին փոխանցումներ կարող են անել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 20-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 136 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է: