21 մարտի 2020 - 00:57 AMT
Թորոսյան․ 11 հոգի թոքաբորբ ունի, կյանքին վտանգ չի սպառնում

«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով հիվանդ 11 պացիենտի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, նրանցից երեքն ինտենսիվ թերապիա է ստանում, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Նրա խոսքով` դեպքերի աճ կա, ինչի արդյունքում հիվանդները ստանում են բուժում նաև ինֆեկցիոնից դուրս․ ընդհանուր առմամբ, բուժումը ծավալվում է 5 հիվանդանոցում, նաև 2 մարզայինում հատուկենտ պացիենտներ կան։ Նորքի ինֆեկցիոնից դուրս, ըստ նախարարի, բուժվում են միայն ասիմպտոմ պացիենտները։

ՀՀ-ում մարտի 20-ի առավոտյան տվյալներով կորոնավիրուսի 136 դեպք կար, մեկ հիվանդ առողջացել է ։ Հիվանդների թվի մասին տվյալները կհրապարակվեն մարտի 21-ի առավոտյան։