22 մարտի 2020 - 22:14 AMT
Վարչապետ. Տնտեսվարողին կաջակցենք, գյուղոլորտում ներդրումներ կարվեն

Կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց Կառավարությունը երկու խնդիր ունի՝ վարակի հետ կապված հարցերի լուծումը և տնտեսական նոր մոտեցումների գործարկումը, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ հաշվով, այս իրավիճակից ավելի ուժեղացած դուրս կգան այն երկրները, որոնք կհասցնեն տնտեսության հետագա զարգացումն ապահովող երկարաժամկետ ռազմավարական բնույթի որոշումներ կայացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ մի քանի այդպիսի որոշումներ ՀՀ կառավարույթնունն արդեն կայացրել է:

Վարչապետը նշել է, որ որոշվել է լայն աջակցություն ցուցաբերել տնտեսությանն ու տնտեսվարողին, որը, իր հերթին, օգտակար կլինի նաև այլ մարդկանց:

Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստվում են արտոնյալ վարկերի փաթեթներ ընկերությունների համար, որոնք կունենան աջակցության կարիք՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու և արտադրությունը կազմակերպելու համար:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը որոշել է 30-60%-ով մասնակցություն ունենալ տնտեսվարողին ֆինանսավորման պրոցեսին և սուբսիդավորել վարկերը, որ տնտեսվարողները հավելյալ վճարումներ չունենան:

Փաշինյանը կարևորել է հատկապես գյուղատնտեսության ոլորտում արվող ներդրումները: Նա նշել է, որ գործադիրն աջակցություն կցուցաբերի անհատներին, որոնք առաջարկված գյուղատնտեսական ծրագրերով մասնակցություն են ունենում ոլորտի զարգացմանը: Նման պարագայում՝ Կառավարությունը կզրոյացնի վարկային բոլոր տոկոսները և կունենա ֆինանսավորման մասնակցություն՝ անհատների պարագայում մինչև 30%:

Փաշինյանը նշել է նաև, որ վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացիները, որոնք ցանկանում են գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին մասնակցություն ունենալ, իրենց համայնքներում կարող են ձևավորել գյուղացիական կոոպերատիվներ, այդ պարագայում Կառավարրությունը կարող է 50-70 %-ով մասնակցություն ունենալ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 22-ի երեկոյի դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից