Վրացական կողմի փոխանցմամբ, մարտի 23-ին՝ ժամը 21։00-ից սկսած, Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիից դուրս)։
Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնողների մուտքը վրացական կողմից ժամանակավորապես դադարեցվել էր՝ Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում։
Մարտի 22-ի պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 54 մարդ, այդ թվում առողջացած են համարվում արդեն 3-ը: