24 մարտի 2020 - 12:41 AMT
Արցախում կորոնավիրուսի համար նմուշառումն իրականացվում է ԱՀԿ ցուցումներով

Արցախում նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու և հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով կասկածելի անձանցից նմուշառումն իրականացվում է՝ հաշվի առնելով համաճարակաբանական անամնեզը և կլինիկակական ախտանշանները: Այդ մասին հայտնում են Արցախի կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ նմուշառումն իրականացվում է ըստ Առջողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների։

Լաբորատոր հետազոտության համար մասնագետի վերցրած քսուքն ուղարկվում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կետրոն» ՊՈԱԿ՝ հետազոտության համար:

ԱՀԿ առաջարկով անհրաժեշտ է հետազոտության համար նմուշներ վերցնել՝ խորխից, էնդոտրախեալ ասպիրատից կամ բրոնխոալվեոլյար հեղուկից (bronchoalveolar lavage): Եթե պացիենտի մոտ առկա չեն շնչուղիների ստորին հատվածի ախտահարումներ կամ, ելնելով պացիենտի վիճակից, վերջինս հնարավոր չէ իրականացնել, ապա նմուշառումն իրականացվում է շնչուղիների վերին հատվածից:

Եթե պացիենտի, ում մոտ նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված դեպքի կասկածներ կան, սակայն լաբորատոր հետազոտության առաջին արդյունքը բացասական է, ապա ապահովվում է կրկնակի նմուշառում շնչառական համակարգի տարբեր հատվածներից, մասնավորապես՝ քթից, խորխից, էնդոտրախեալ ասպիրատից:

Մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպք Արցախում չի գրանցվել։