25 մարտի 2020 - 13:25 AMT
Լարիի փոխարժեքը նվազում է․ Որոշ մթերքների թանկացումը կֆինանսավորի կառավարությունը

Վրաստանի Ազգային բանկը մարտի 25-ին լարիի փոխարժեքը սահմանել է 3.4494 լարի 1 դոլարի դիմաց։ Դա վրացական փոխարժեքի համար նոր պատմական նվազագույն շեմ է։

Լարիի փոխարժեքի անկումը դոլարի համեմատ սկսվել է մարտի 9-ին, երբ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված անորոշությունը զուգակցվեց նավթի գների անկմանը։ Մարտի 25-ի դրությամբ արժեզրկումը կազմել է 24%, գրում է «Sputnik Գրուզիան»։

Չնայած Ազգային բանկի ջանքերին, ներկրողներն արդեն հայտարարել են, որ ի զորու չեն զսպելու գներն ու գնաճը։

«Առաջիկա օրերին բոլոր գները կվերանայվեն, կբարձրանան, քանի որ մենք և ներկրող ընկերությունները չենք կարողանա պահպանել նույն գներն այսօրվա փոխարժեքի պայմաններում»,- ասել է դիստրիբյուտորների գործարար ասոցիացիայի ղեկավար Իվա Չկոնիան։

Վրաստանի կառավարությունն իր հերթին հաստատել է առաջին անհրաժեշտության սննդամթերքի գների պահպանմանն ուղղված ծրագիրը, որի համար բյուջեից 10 մլն լարի կհատկացվի։

Այդպիսով կֆինանսավորվի գնային տարբերությունը հետևյալ ապրանքների համար՝ մակարոնեղենի, հնդկաձավարի, ձիթայուղի, շաքարի, ցորենի, ալյուրի, կաթի փոշու և լոբու համար։ Սուբսիդավորումը կվերաբերի մարտի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածին։

Ընդ որում այդ ապրանքների գները կհամապատասխանեն 2020-ի հունվարի 1-ից մինչև մարտի 10-ը գրանցված նվազագույն գներին։