25 մարտի 2020 - 17:54 AMT
ՀԾԿՀ․ Կորոնավիրուսը ֆորս մաժոր է, լույսը, ջուրն ու գազը չեն անջատելու

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Դա նշանակում է, որ մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը, հայտնում է ՀԾԿ-ն։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ֆինանսական խնդիրներ, կոմունալ վճարումներ կատարելու դժվարություն ունեցող քաղաքացիներին ընդառաջելու հարցին ԱԺ-ում, ասել էր, թե կառավարությունում կարծում են, որ սոցիալական աջակցությունը հասարակությանը պետք է հասցեական լինի, որպեսզի դրանից չօգտվեն մարդիկ, որոնք դրա կարիքն իրականում չունեն։

«Մենք այդ աջակցությունը ցուցաբերելու ենք հանրային միջոցներով և ճգնաժամն անցնելու է, ու պետք է հաշվետվություն տանք՝ որքանով ճիշտ, թիրախավորված և հասցեական եղավ: Նույնը վերաբերում է նաև կոմունալ վճարումներին: Այսօր կա կոնտեքստ, որ եկեք կոմունալ վճարումները հետաձգենք: Օրինակ՝ ինչո՞ւ պետք է հետաձգվեն պետաշխատողների կոմունալ վճարները, նրանք աշխատավարձ են ստանում»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ նույնը վերաբերում է նաև սոցիալապես անապահով այն խավերին, «որոնց կյանքում ոչինչ չի փոխվել», ըստ էության՝ փետրվարին էլ էր նպաստառու, հիմա էլ:

Փաշինյանն ասել է, որ նպաստառուները շարունակելու են նույն կերպ ստանալ իրենց նպաստը, իսկ գների մեջ էական փոփոխություններ չեն եղել:

Վարչապետը հայտնել է նաև, որ պարետը մշտական հաղորդակցության մեջ է եղել և ձեռք է բերվել պայմանավորվածություն, այդ թվում «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ անջատումներ չեն լինի:

«Սրա մասին շուտ չէինք խոսում, չէինք ցականում, որ դա օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան»,- ասել է նա՝ կոչ անելով, որ նրանք, ովքեր ունեն վճարելու հնարավորություն, չուշացնեն, քանի որ վատթար վիճակի մեջ են դնում անապահով խավին:

Ավելի վաղ քննարկումներ էին տարվում՝ կոմունալ վճարումները որոշ ժամանակով հետաձգելու մասին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 25-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 265-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ևս 16-ով:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից