26 մարտի 2020 - 12:10 AMT
Փաշինյան․ 1-ին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարվեն մոտ 5 մլրդ դրամով

2020 թվականի 1-ին եռամսյակի հարկային եկամուտները կգերակատարվեն մոտ 5 մլրդ դրամով, Կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հարկային կարգապահության կոչ է արել՝ հատկապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ֆոնին:

«Սոցիալական խնդիրների ու տնտեսական աջակցության մասին է խոսվում։ Այդ խնդիրները լուծելու համար Կառավարությունը պիտի ունենա եկամուտներ», - շեշտել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ եկամուտների, շահույթի բացակայության պարագայում հարկ պահանջել հնարավոր չէ՝ հնարավոր է միայն, երբ կա հարկային պարտավորություն։

Նա նշել է, որ հատկապես ՊԵԿ-ը հիմա պետք է խստագույնս պատժի ՀԴՄ չտրամադրող ամեն տնտեսվարողի։

«Մանավանդ այսօր որևէ արդարացում դրան չկա, մանավանդ այսօր, երբ խանութների շրջանառությունն էականորեն աճել է», - ասել է նա։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: