26 մարտի 2020 - 12:36 AMT
Ոստիկանապետ․ Պարետի որոշումը խախտած 60 քաղաքացի բերման է ենթարկվել

Մարտի 26-ի ժամը 08։00-ի դրությամբ անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշումը խախտելու փաստով կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել 60 քաղաքացի։ Այդ մասին Կառավարության նիստում հայտարարել է ոստիկանապետ Արման Սարգսյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ 685 տրանսպորտային միջոց երթևեկել է երկուսից ավելի ուղևորով։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Ըստ ոստիկանապետի՝ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցի 9 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն՝ սահմանված քանակից ավելի ուղևոր տեղափոխելու փաստով։

ՀՀ ամբողջ տարածքում մարտի 25-ից գործում են անձանց ազատ տեղաշարժի 7-օրյա սահմանափակումներ՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100-ից 250 հազար դրամի չափով: