26 մարտի 2020 - 15:36 AMT
ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսի 182 նոր դեպք է գրանցվել

Մարտի 26-ի դրությամբ ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսի 182 նոր դեպք է գրանցվել, որից 136-ը՝ Մոսկվայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում 840 հիվանդ կա։ Այդ մասին հայտնել է օպերատիվ շտաբը, գրում է «Դոժդը»։

182 նոր դեպքը ռեկորդային է ՌԴ համար օրական կտրվածքով;

Ըստ օպերատիվ շտաբի՝ վերջին 24 ժամում դուրս է գրվել 9 ապաքինված, նրանց ընդհանուր թիվը 38 է։

Մոսկվայում մարտի 28-ից մինչև ապրիլի 5-ը փակ կլինեն բոլոր խանութները, մթերայիններից և դեղատներից բացի, ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում։

Մոսկվայում հնարավոր կլինի նաև գնել առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքներ։ Փակ կլինեն բոլոր սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև որոշ զբոսայգիներ՝ օրինակ, Գորկու անվան, «Ցարիցինո», «Կոլոմենսկոե», «Սոկոլնիկի» և այլ զբոսայգիներ։

Կփակվեն նաև բոլոր հաստատությունները, որտեղ ծառայությունների մատուցումը պահանջում է անձի ներկայություն։ Առաքումների մասով սահմանափակումներ չեն լինի։

Ավելի վաղ օպերատիվ շտաբը հաստատել էր Մոսկվայում կորոնավիրուսից 2 հիվանդի մահվան փաստը։ Պացիենտները եղել են տարեց՝ 88 և 73 տարեկան։