26 մարտի 2020 - 15:37 AMT
Աշխարհում ավելի քան 21,000 մարդ է մահացել կորոնավիրուսից, ապաքինվել՝ մոտ 115,000-ը

Կորոնավիրուսով վարակվածների հաշվարկով զբաղվող միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով, աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը մարտի 26-ի դրությամբ գերազանցել է 473,000-ը։ Մահացել է ավելի քան 21,000 մարդ, ապաքինվել՝ մոտ 115,000-ը։

Մահացածների թվով շարունակում է առաջատարը մնալ Իտալիան, որտեղ վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 683 մարդ։ Այսպիսով, վարակից մահացածների հանրագումարը կազմում է 7503։ Ապաքինվել է 9362 մարդ։ Վարակվածների ընդհանուր քանակը, ներառյալ մահացածներին և առողջացածներին, 74,000 է։

Վարակման դեպքերի քանակով առաջատարը դեռևս Չինաստանն է, որտեղից սկսվել է տարածվել վարակը։ Այդ երկրում վարակվածների ավելի քան 90 տոկոսն ապաքինվել է, տեղեկացնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը։ Այժմ ամբողջ երկրում գրանցվել է վարակման 81,736 դեպք, որից 74,177-ն ապաքինվել է։ Մահացել է 3291 մարդ։

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 69,000 դեպք, մահացել է 1050 մարդ, 619 մարդ ապաքինվել է։ ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն է տվել կորոնավիրուսից տուժող տնտեսությանը $2 տրլն-ի միջոցների փաթեթին։ Հատկացված գումարից կառավարությունը մեծահասակ ամերիկացիներին կվճարի $1200-ական, իսկ երեխային՝ $500-ական, մինչդեռ ունեվոր մարդկանց ավելի քիչ կվճարվի։

ԱՄՆ ՊՆ ղեկավար Մարկ Էսպերը հրաման է արձակել արտերկրում ամերիկացի զինծառայողների տեղաշարժն արգելելու մասին։ Հրամանով 60 օրով դադարեցվել են բոլոր ուղևորություններն ու մեկնումներն արտերկիր։ Հրամանը վերաբերում է ԱՄՆ ԶՈւ ամբողջ անձնակազմին, քաղաքացիական անձնակազմին և ընտանիքներին արտերկրում, որոշ աննշան բացառություններով։

«Նպատակն է՝ համոզվել, որ վիրուս չենք բերի տուն՝ վարակելով այլոց, որ չենք տարածի այն զինվորականների շրջանում»,- ասել է պաշտպանության նախարարը։

Իսպանիայում երկարացրել են կորոնավիրոսի համաճարակի պատճառով գործող բարձր պատրաստականության ռեժիմը մինչև ապրիլի 11-ը ներառյալ։ Մահացածների և վարակվածների թվով Իսպանիան երկրորդն է Եվրոպայում Իտալիայից հետո։ Մարտի 26-ի դրությամբ գրանցվել է հիվանդության ավելի քան 49,000 դեպք, այդ թվից մահացել է 3647 մարդ՝ ավելին, քան Չինաստանում։

Գերմանիայում վարակվել է ավելի քան 37,000 մարդ, մահացել է 206-ը։

Ֆրանսիայում կորոնավիրուսից ավելի քան 1300 մարդ է մահացել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25,600-ի։

Շվեյցարիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 11,000-ի, 153 մարդ մահացել է։

Բրիտանիայում վարակվել է մոտ 10,000 մարդ, մահվան դեպքերը 467 են։