26 մարտի 2020 - 13:16 AMT
Մեքենայով տեղաշարժի փոփոխություն՝ երեխաների ու տարեցների համար

Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ թեթև մարդատար մեքենայով թույլատրվում է մեկ մեծահասակ ուղևորի փոխադրում։ Երեխաների պարագայում քանակի սահմանափակում չի նախատեսվում։

Որոշումը հետևյալն է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 24- ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» N 16 որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում թույլատրվում է (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը։ Երեխաների փոխադրման դեպքում վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում»։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից