26 մարտի 2020 - 13:56 AMT
Թորոսյան. Կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերն Արմավիրում, Արարատում և Կոտայքում են

ՀՀ-ում կորոնավիրուսի փոխանցման շղթաները, վարակակիրների կոնտակտավորներին պարզելու պրոցեսը շարունակական է և միշտ է իրականացվում: Կան դեպքեր, որ 100%-ով հայտնաբերված են և համաճարակաբանական հետազոտությունն այլևս չի շարունակվում, բայց կան դեպքեր, որ համաքաղաքացիները չեն գործակցում ու պրոցեսը երկար է տևում, հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իրավիճակը որոշ մարզերում ավելի վերահսկելի է, որոշներում շարունակվում է դեպքերի արձանագրումը, օրինակ՝ Կոտայքի մարզում: Քարտեզը, երբ պատրաստենք, կտեսնեք՝ որ մարզերում են հաստատված դեպքերը: Դեպքեր կան թե՛ Երևանում, թե՛ հարակից մարզերում, վարակման հատուկենտ դեպքեր կան Շիրակի, Լոռու, Սյունքի մարզերում»,- ասել է Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրում, Արարատում և Կոտայքում: Վայոց ձորում և Գեղարքունիքում հաստատված դեպքեր դեռ չկան:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 272-ը։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից