26 մարտի 2020 - 15:45 AMT
Սբ Գր. Լուսավորչի աջով դռնփակ Մաղթանք կկատարվի․ Հետևել կարելի է առցանց

Մարտի 29-ին Սբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու Լուսավորչի սրբազան աջը, որով կատարվելու է Մաղթանք հայրենիքի և ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն, քահանա Վահրամ Մելիքյանը։

Նա նշել է նաև, որ հոգևոր սննդի և մասնավորապես ազգի հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձների պակաս հատկապես ստեղծված իրավիճակում չի նկատվում:

«Եկեղեցու կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերի արդյունքում արարողությունների սփռման և համապատասխան անհրաժեշտ քարոզչության առումով մեր եկեղեցականները որդեգրում են առցանց հեռարձակումների միջոցները։ Գովելի է, որ դրան նպաստում են նաև պատկան պետական կառույցները և տարբեր լրատվամիջոցները: Ամեն օր Մայր Աթոռում, Հայաստանի և սփոյռւքի թեմերի եկեղեցիներում կատարվում են բժշկության աղոթքներ, որոնք ևս լայնորեն տարածվում են համացանցում: Ցավոք, որոշ մարդիկ այդ ամենը չեն նկատում, բայց ժրաջան քննադատում են»,- գրել է նա։

Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սբ Գայանե վանքում համազգային աղոթք է անցկացվել և ժամերգություն, որի ավարտին Հայրապետը հանդես է եկել ժողովրդին ուղղված կոչով։