26 մարտի 2020 - 16:05 AMT
Նախարար. Գյուղոլորտում առկա ծրագրերի վարկավորման տոկոսները կզրոյացվեն

Գյուղատնտեսության բնագավառում գործող տարբեր ծրագրերով սահմանված վարկային բոլոր տոկոսագումարները կզրոյացվեն. Կառավարության նիստում ընդունվել է գյուղացիական տնտեսություններին (ֆիզիկան և իրավաբանական անձանց) աջակցելու նախագիծը:

«Ըստ էության՝ մի հիմնական մասով մենք զրոյացնում ենք բոլոր այն տոկոսագումարները, որոնք առ այսօր գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ծրագրերի դեպքում սահմանված էին»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Կառավարությունը լիզինգային մնացորդային 2-4% ֆինանսավորումը զրոյացնում է: Նախարարը հիշեցրել է, որ նախկինում գյուղտանտեսական գործունեությամբ զբաղվող անհատները նաև ընդհանուր բնույթի աջակցություն էին ստանում գործադիրից՝ առանց տարանջատելու, թե ինչ առանձնահատկություն պետք է ունենա գործունեությունը (նախկինում 12 տոկոսից 7 տոկոսային կետն այդ ծրագրի համար վճարում էր պետությունը, 5%-ը՝ գյուղացին), սակայն այժմ զրոյացվում է գյուղացիական տնտեսության կողմից վճարվող 5 տոկոսը:

«Մինչ այսօր կառավարությունը ֆինանսապես աջակցում էր գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը, եթե առևտրային բանկը համաձայն էր այդ դրամային ֆինանսավորումը տրամադրել մինչև 12% առավելագույն տոկոսադրույքով, այս փուլում հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ տոկոսները սուբսիդավորել նաև այն դեպքում, երբ առևտրային բանկերը որոշեն միջոցները հատկացնել մինչև 14 տոկոս առավելագույն դրամային տոկոսադրույքով: Սուբսիդավորվելու են նաև այն տոկոսները, որոնք տնտեսվարողները կհամաձայնեն վերցնել արտարժույթով»,- ասել է Խաչատրյանը:

Նախարարը նշել է, որ ըստ որոշման՝ եթե առևտրային բանկերը վարկեր տրամադրեն մինչև 1 մլն դրամ գումարով, 13%-ով և 2 տարի ժամկետով, ապա Կառավարությունը կսուբսիդավորի բոլոր տոկոսագումարները: Նրա խոսքով՝ ստացվում է, որ, անկախ գոծունեության ոլորտից, գյուղացիական տնտեսությունները 1 մլն դրամի չափով վարկավորման դեպքում ունենալու են 0 տոկոս վարկային ռեսուրսներ:

Նախարարը նշել է նաև, որ եթե գյուղացիական տնտեսությունները կորոշեն համատեղել իրենց ջանքերը և միասնական ծրագրեր իրականացնել ու հանդես գալ կոոպերատիվի տեսքով, ապա կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի, այլև կհամաֆինանսավորի այդ ծրագրերը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է մշակված աջակցության ծրագրի մասին հնարավոր բոլոր տարբերակներով տեղյակ պահել պոտենցիալ շահառուներին՝ հավելելով, որ սա պատմական հնարավորություն է գյուղատնտեսության ոլորտում որակական փոփոխություն ունենալու համար:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 290-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 25-ով: Ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 272-ը։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից