26 մարտի 2020 - 21:18 AMT
Արցախում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվածներ և վարակվածներ չկան

Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան, վարակի դեպք չի գրանցվել, հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից՝ հղում անելով առողջապահության նախարարությանը:

«Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասված է շտաբի տարածած իրազեկման մեջ:

Արցախ մուտքը մարտի 26-ից ժամանակավորապես կդադարեցվի՝ որոշ բացառություններով: Մասնավորապես՝ բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ այդ թվում բեռնատարների համար՝ անկախ բեռնվածությունից, իսկ մարդատար մեքենաներին՝ պարտադիր բեռնված լինելու պարագայում, և Արցախում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ու լրագրողների համար՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Մարտի 26-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը երկրում հասել է 290-ի, ապաքինվել է 18 անձ, փաստացի բուժվում է 271-ը, 1 հոգի մահացել է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից