26 մարտի 2020 - 21:26 AMT
«Էրեբունի պլազա» զենքով ներխուժած տղամարդն անմեղսունակ է ճանաչվել

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ, հայտնել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը, փոխանցում է Armtimes.com-ը:

Հունվարի 23-ին Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել:

Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն, ինչով պայմանավորված էլ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և անվտանգության միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն էլ վերացրել է խափանման միջոց կալանավորումը և կիրառել անվտանգության միջոց. Թորոսյանը դարձյալ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ:

«Եզրակացության մեջ նշված է, որ նա տառապել և տառապում է նշված հոգեկան հիվանդությամբ, այսինքն՝ նրա ցուցմունքներին որևէ իրավական գնահատական տրվել չի կարող, նաև նշված է, որ նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների»,- ասել է պաշտպանը:

Նրա խոսքով՝ նախաքննության ավարտից հետո, երբ գործն ուղարկվի դատարան, սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն քննվելու է հատուկ կարգով՝ դատարանը որոշելու է անմեղսունակության վիճակով քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի հարկադիր բուժման, այլ ոչ թե քրեական պատասխաանտվության և պատժի հարցը:

Թորոսյանին մեղադրանք էր առաջադրվել վտանգավոր եղանակով գույքի դիտավորյալ վնասման եւ զենքի գործադրմամբ պատանդ վերցնելու համար, ինչը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: