27 մարտի 2020 - 15:06 AMT
ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային է վիրավորվել, վնասվածքը թեթև է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել, հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Հակառակորդն առաջինն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։ Զինծառայողը թեթև վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,– ասել է նա:

Ստեփանյանի խոսքով` ադրբեջանական կողմում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան, իսկ խոսակցությունները, թե առաջինը հայկական կողմն է կրակել, հակառակորդի տեղեկատվական սադրանքն է։

ՊՆ խոսնակն ընդգծել է, որ այժմ իրավիճակը սահմանին հանգիստ է։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Տավուշի կողմից հայկական ԶՈՒ–ի սադրանքը կասեցվել է։