27 մարտի 2020 - 17:07 AMT
Նիդերլանդներում ամեն օր միլիոնավոր ծաղիկներ են ոչնչացնում․ Գնորդ չկա

Գարունը Նիդերլանդներում վարդակակաչների ծաղկման շրջան է, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ամեն օր միլիոնավոր ծաղիկներ ոչնչացվում են։ Պանդեմիայի պատճառով պահանջարկը պակասել է, գրում է National Geographic-ը։

Ըստ պետական Royal Flora Holland ընկերության՝ իրավիճակի պատճառով ծաղկի բիզնեսի շրջանառությունը նվազել է մոտ 80 տոկոսով։

Նախկինում աշխարհի խոշորագույն ծաղկի աճուրդում ամեն օր 30 մլն բույս էր վաճառվում՝ մոտ €8,800,000-ի։

Ծաղիկների բերքահավաքը հունվարից մայիս է։ Առաջին խոշոր վաճառքները լինում են սբ Վալենտինի օրվա կապակցությամբ և շարունակվում մինչև ծաղկման շրջանի ավարտը։ Սակայն, այժմ արտահանումը գրեթե զրոյացել է՝ բոլոր երկրներում մարդիկ միայն սնունդ և հիգիենայի պարագաներ են գնում։

Արդյունքում վարդակակաչների, վարդերի, քրիզանթեմների կույտերը ոչնչացման իրենց հերթին են սպասում։

Կորոնավիրուսով վարակումների թիվն աշխարհում հատել է կես միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի կորոնացվիրուսի ռեսուրսային կենտրոնի օպերատիվ տվյալները։ Մարտի 26-ի դրությամբ՝ Երևանի ժամանակով 23։20-ի դրությամբ աշխարհում գրանցվել է 511,603 վարակման դեպք, 23,067 մահ, մոտ 121 հազար բուժված։