28 մարտի 2020 - 11:20 AMT
ՀՀ նախագահը թոքերի օդափոխման սարքի արտադրության առաջարկ-լուծում է ակնկալում ուսանողներից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում ևս կարող են ստեղծվել թոքերի պարզագույն արհեստական օդափոխիչներ։ Այդ մասին նա ասել է ապագա ինժեներների և բժիշկների համար դասախոսության ժամանակ` առաջարկ-լուծում ակնկալելով նրանցից։ Նա խոստացել է ներդրում կատարել հաջող տարբերակի դեպքում։

Հանրապետության նախագահը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Հերացու անվ. բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:

Նախագահն ասել է, որ այսօր առողջապահությունը պատկերացնել առանց նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ. բոլոր ոլորտները փոխվելու են տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, իսկ բժշկությունը՝ առավել ևս:

Նա նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մեծագույն խնդիրներից մեկը թոքերի արհեստական օդափոխության սարքերն են:

«Դրանց մեծ քանակությունը բացարձակ անհրաժեշտություն է: Նույնիսկ եվրոպական մեծ պետություններն ունեն այդ սարքերի կարիքը և այսօր շատ հայտնի ընկերություններ սկսել են արտադրել: Ինչու՞ չեն կարող Հայաստանում ևս թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծել, որոնց հիմնական մասերն են պոմպը, որը կարելի է ստանալ 3D տպիչի միջոցով, և էլեկտրոնային կառավարումը: Դժվար խնդիր է, բայց չեմ կարծում այնքան դժվար, որ հնարավոր չլինի նախատիպը ստեղծել, այսինքն պլաստիկից պոմպ և էլեկտրոնային համակարգ: Սա չեն կարող անել միայն ինժեներները և չեն կարող անել միայն բժիշկները: Այն պետք է լինի համատեղ աշխատանք:

Եթե դուք դա ձեռնարկեք, և հաջող լինի, ապա եթե առաջին խնդիրների դեպքում հաղթողները ստանալու են նախագահական մրցանակներ, վերջին խնդրին լուծում առաջարկելու պարագայում ես պատրաստ եմ նաև գումար ներդնել արտադրությունը սկսելու համար»,- ասել է նախագահը:

Առաջադրանքի պատասխանները պետք է ուղարկել homework3@president.am էլեկտրոնային փոստի հասցեին: