28 մարտի 2020 - 11:22 AMT
Պարետի որոշումն անտեսած ընկերության տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել

Ոստիկանությունը Երևանում պատասխանատվության է ենթարկել պարետի որոշումն անտեսած ընկերության տնօրենին։ Մարտի 26-ին Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել են Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի 27-ին տեղեկություն է ստացվել, որ ընկերությունը շարունակում է բնականոն աշխատանքը:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե, որտեղ էլ պարզվել է, որ արտադրամասն աշխատում է:

Ընկերության տնօրենի հանդեպ վարչական վարույթ է հարուցվել` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն, այն է` արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը:

Նման ստուգայցերը շարունակական են լինելու: Ոստիկանությունը հորդորում է բոլոր տնտեսվարողներին, որոնց գործունեությունը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելված է, պահպանել Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։