28 մարտի 2020 - 17:01 AMT
Արցախում կատարվել են հակահամաճարակաբանական միջոցառումներ

Արցախում նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են հակահամաճարակաբանական միջոցառումներ։

Բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում կատարվել են ախտահանման աշխատանքներ, և քիմիական և մանրէաբանական հետազոտմամբ ստուգվել է ջրի որակը։

Ստեփանակերտում և բոլոր շրջաններում ստուգվել է ընդհանուր ջրի որակի համապատասխանելիությունը սանիտարական նորմերին և պահանջներին։

Բոլոր դպրոցական և նախադպրոցական, բժշկական հաստատություններում, հյուրանոցներում, առևտրի և գեղեցկության սրահներում կատարվել են սանիտարական-լուսավորչական աշխատանքներ։

ԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված՝ կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ թվով 300 հատ պաստառները տրամադրվել են Հանրապետությունում գործող ատամնաբուժարաններին, հյուրանոցներին, խոշոր դեղատներին, գեղեցկության սրահներին, խանութներին և մի շարք տնտեսվարող սուբյեկտների:

ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել ու «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի միջոցներով ձեռք են բերվել արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և բաժանվել բոլոր շրջանների համաճարակաբանության և հիգիենայի բաժիններին։

Բոլոր շրջանների մասնակցությամբ կազմակերպվել է սեմինար, իսկ լաբորատոր աշխատողները ծանոթացել են COVID-19 վարակով կասկածելի հիվանդների ճիշտ նմուշառմանը։ Հանրապետությունում գործող մի շարք պետական և մասնավոր օբյեկտներում կազմակերպվել են թրեյնինգներ՝ ախտահանման աշխատանքների ճիշտ անցկացման վերաբերյալ։

Պարբերաբար կատարվում են համայցեր ԱՀ տարածքում գտնվող բոլոր օբյեկտներ։Մարտակերտի և Քաշաթաղի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետների կողմից կազմակերպվում է «Խարխափուտ» և «Աղավնո» բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահություն։

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի» համաճարակաբանները մասնակցել են ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմակերպած սեմինար-պարապմունքին։

Մարտի 28-ի առավոտվա դրությամբ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։