Հայաստանում մարտի 28-ին երեկոյան ժամը 21:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսպիսով՝ ընդհանուր դեպքերի թիվը երկրում հասել է 407-ի:
«Իրավիճակը կորոնավիրուսի հետ կապված ՀՀ-ում բավականին լարված է, ցավոք սրտի մենք հիվանդների թվի աճ ենք ունենում: Այսօր էլ մոտավորապես 35 նոր ախտորոշում ենք ունեցել: Բայց, ընդհանուր առմամբ, դեռևս իրավիճակը համարվում է կառավարելի»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է հետևել պարետատան ցուցումներին՝ առողջապահական համակարգը վտանգի չենթարկելու համար:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը PanARMENIAN.Net-ին մանրամասնեց, որ հաստատված 35 նոր դեպքերը մարտի 28-ի տվյաներ են, սակայն օրվա վերջնական թվերը կամփոփվեն մարտի 29-ի առավոտյան:
Ընդհանուր առողջացածների թիվն ավելի վաղ հասել էր 30-ի: Ըստ ԱՆ-ի՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է (ինտուբացված են), 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: 30 հոգի առողջացել է:Մահվան մեկ դեպք կա:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից