29 մարտի 2020 - 15:11 AMT
Փաշինյան․ Դևեջյանի մահը ծանր հարված է ֆրանսահայությանը, Ֆրանսիային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հայտնի ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան լուրին, նշել է, որ դա ծանր հարված է հայ ժողովրդին, Ֆրանսիային։ Այդ մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Դևեջյանը մահացել է Ֆրանսիայում կորոնավիրուսից:

«Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից:

Սա ծանր հարված է ֆրանսահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս»,- ասվում է գրառման մեջ:

Դևեջյանը մի քանի տարի կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում: Le Figaro-ին տված հարցազրույցներից մեկում նա պատմել էր հայկական արմատների մասին՝ նշելով, որ մանկուց լսել է հորից պատմությունները Հայաստանի և հայերի մասին։ Նա մշտապես պայքարել է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար և մեծ ավանդ ունեցել այդ գործում։ ՀՀ և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Դևեջյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով։