30 մարտի 2020 - 17:24 AMT
iUniversity. Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակն է գործարկվել

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը, այն բրենդավորվել է iUniversity անվամբ, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

iUniversity-ն սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև բուհի քոլեջը և ավագ դպրոցը:

«Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի և դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային գրադարան, ներբեռնել տեսադասախոսություններ՝ հնարավորություն տալով ուսանողներին և աշակերտներին հարցեր ուղղել իրենց դասախոսներին և ուսուցիչներին, ինչպես նաև ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատվել իրենց կատարած առցանց աշխատանքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հարթակը հնարավորություն է տալիս նաև յուրաքանչյուր պահի մոնիթորինգ անել և պարզել կոնկրետ կրթական ծրագրի համար ինչպիսի ծավալով է իրականացվել առցանց ուսուցումը, առաջացած բացթողումները և թերությունները, որի միջոցով հաստատության ուսումնական մասի պատասխանատուները կարող են վերահսկել գործընթացը և առաջացած թերությունները շտկելու համար նախատեսել նոր գործիքակազմեր։

Համալսարանն արտակարգ դրության ժամանակահատվածում կտրամադրի հարթակի բոլոր հնարավորությունները դրա կարիքն ունեցողներին:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Արտակարգ դրության ընթացքում երկրում փակ են նաև ուսումնական հաստատությունները, իրականացվում է հեռավար կրթություն:

Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում, մարդիկ կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ տեղաշարժման թերթիկ լրացնելով: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից