31 մարտի 2020 - 09:54 AMT
ԱԳՆ․ Ադրբեջանի կողմից հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված խախտումը արդարացում չունի

ՀՀ ԱԳՆ-ն, խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, հայտարարել է, որ Բաքուն իր գործողություններով արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Մարտի 30-ին Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել: Հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվանի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Նա տեղափոխվել է Երևան։ Վիրավորում ստացած երկու զինծառայողը ևս տեղափոխվում են Երևան։