Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր և գործարար Սերգեյ Սարկիսովի «Չարիքի հպումը» (Evil Touch) միստիկ սերիալը հավակնում է «Էմմի» մրցանակին։
«Բլից ֆիլմ» պրոդյուսերական ընկերության սերիալն ընդգրկվել է «Էմմի» մրացանակաբաշխության Ցերեկային մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում, գրում է ՏԱՍՍ-ը։
Սերիալը պատմում է ամերիկացի ուսանողների արկածների մասին Հայաստանում։ Դրա ստեղծմանը մասնակցել են նաև ամերիկյան Associated Television և հայկական Academy Films ընկերությունները։
Սերիալը նկարահանվել է Հայաստանում ամերիկյան հեռուստատեսության համար՝ հայ, ամերիկացի և բրիտանացի դերասանների մասնակցությամբ։
«Սերիալի ստեղծումը թույլ տվեց օտարերկրյա կինոարտադրողներին գնահատել կինոոլորտի ներուժը Հայաստանում, պարզել գնային քաղաքականությունը, մասնագետների մակարդակն ու ծանոթանալ նկարահանումների համար տարբեր լոկացիաների»,- ասել է Սարկիսովը։
Ըստ սյուժեի` մի խումբ ամերիկացի ուսանողներ պատահաբար հայտնվում են խուլ հայկական գյուղում։ Գիշերելով այնտեղ՝ նրանք հասկանում են, որ այդ վայրը վտանգավոր է, քանի որ հենց այդտեղ է պարփակված «չար ոգու» հանգրվանը։
Դերերը կատարել են Ջենիֆեր Վիլը, Ջո Նեսիվոչչիան, Էրիկ Ֆելոուսը, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքսը, ինչպես նաև հայ դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանը, Անուշ Առաքելյանը, Արսեն Գրիգորյանը և այլոք։
«Էմմի» մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է անորոշ ժամանակով։