Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ, հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
«Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը»,- ասված է հայտարարության մեջ:
Տեղեկատվական կենտրոնից նշում են, որ համալիրը մեկուսացման նպատակով օգտագործելու անհրաժեշտություն հնարավոր է՝ չառաջանա:
Ավելի վաղ Facebook-ում տարածվում էր Մարզահամերգային համալիրի սրահի լուսանկարը, որտեղ տեղադրված էին տասնյակ մահճակալներ:
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 31 հոգի:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից