1 ապրիլի 2020 - 11:10 AMT
Նախագահ․ ԱԺ ընդունած օրենքների կիրառման միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին օրինագծերը։ Ըստ նախագահի՝ դրանց կիրառման գլխավոր նախապայմանը և միակ նպատակը պետք է լինի մարդկային կյանքի փրկությունը և հանրային առողջության պահպանումը։

Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում հեռախոսների միջոցով։

«Չնայած օրենքները նախատեսում են մարդու իրավունքների զգալի սահմանափակումներ, նախագահը ստորագրել է դրանք՝ հաշվի առնելով, որ այդ սահմանափակումները կառավարության կողմից պետք է կիրառվեն որպես բացառիկ միջոցներ և բացառապես արտակարգ դրության ժամանակահատվածում», - հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը

Նշվում է, որ յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները կյանքի կոչել՝ համաճարակի հետագա տարածումը սեղմ ժամկետներում կանխարգելելու և մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու համար։

«Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի բարձրագույն մարդկային իրավունքի՝ մարդու կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտությունից։

Կառավարությունը ստանձնել է անհրաժեշտ միջոցառումների նախաձեռնությունը և պատասխանատու է դրանց իրավաչափ իրականացման համար՝ ապավինելով յուրաքանչյուրիս ողջախոհությանը։

Այս բարդ իրավիճակում կարևոր է բոլորիս համախմբումը, աջակցությունը պատկան մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների սահմանափակումները իրավասու մարմինների կողմից պետք է կիրառվեն միմիայն վերը նշված նպատակներն ապահովելու համար և ամենայն պատասխանատվությամբ։

Փոփոխությունները հնարավորություն են տալու կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացման մեջ գտնվողների տեղաշարժին հեռախոսների միջոցով հետևելու ու այդկերպ պարզելու նրանց շփման շրջանակը։

Ըստ փոփոխության՝ օպերատորները պետք է պետությանը տրամադրեն հաճախորդին տեղորոշող տվյալներն ու նրա կատարած զանգերի սկզբի, ավարտի ու հնարավոր վերահասցեագրման (ոչ զանգերի բովանդակության) տվյալները։ Դրանք ենթակա են ապաանձնավորման ու հետագա ոչնչացման։