1 ապրիլի 2020 - 11:35 AMT
ԱԳ նախարարն ամերիկյան կողմին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը: Այդ համատեքստում Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ վիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:

Անդրադարձ է կատարվել նաև ցամաքային և օդային փոխադրումների սահմանափակումներով պայմանավորված մարդկանց տեղաշարժման խնդիրներին: Այս առնչությամբ Մնացականյանն անդրադարձել է ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիների առջև տեղում ծառացած մի շարք խնդիրներին՝ դրանց հասցեագրման հարցում կարևորելով նաև ամերիկյան կողմի աջակցությունը:

Մարտի 30-ին Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել: Թիրախավորվել էին, մասնավորապես, Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվանի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Վիրավորում ստացած երկու զինծառայողը տեղափոխվել են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: