1 ապրիլի 2020 - 17:11 AMT
ՀԱՊԿ-ում մտահոգված են Տավուշում հայ զինծառայողների և բնակչի վիրավորվելու փաստով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել մարտի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Զասը նշել է, որ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումն այն ժամանակ է, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ:

Մարտի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում Հայաստանում երկու զինծառայող և Ոսկեվան գյուղի 2004թ. ծնված բնակիչ են վիրավորվել։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի սադրիչ գործողությունները ՀԱՊԿ անդամ պետության դեմ` Զասն ասել է, որ հայկական կողմից է տեղեկացել Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած այդ միջադեպի մասին:

«Այն փաստը, որ դրա հետևանքով վիրավորվել է երկու զինծառայող և Ոսկեվանի 2004թ. ծնված բնակիչը, առաջացնում է խիստ անհանգստություն: Միաժամանակ ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել նման դեպքի առնչությամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ՝ կազմակերպության անդամ երկրի սահմանին։

Տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Այս կապակցությամբ կոչ եմ անում կոնֆլիկտի կողմերին ականջալուր լինել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչերին ՝ ուղղված ամբողջ աշխարհով մեկ հրադադարի պահպանմանը: Ի դեպ, որքանով ես տեղյակ եմ Հայաստանը պաշտոնապես աջակցություն է հայտնել այդ կոչին: Կցանկանայի նաև ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռքբերած համաձայնությունների իրականացման կարևորությունը՝ հակամարտության գոտում կրակի դադարեցման առումով, և մաղթում եմ շուտափույթ ապաքինում միջադեպի հետևանքով տուծաներին»,- ասել է նա։

Մարտի 30-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, հակառակորդը հետ է շպրտվել, սակայն միաժամանակ թիրախավորվել են Բաղանիս և Ոսկեվան գյուղերը։