1 ապրիլի 2020 - 18:04 AMT
ԱԱԽ քարտուղարն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ գործակցությունը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցում կարևորել են ՀԱՊԿ շրջանակում կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման ուղղությամբ գործակցությունը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ։

Դրա ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են համաճարակի հաղթահարման շրջանում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների միջև ակտիվ կապի պահպանման անհրաժեշտությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել մարտի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Զասը նշել է, որ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումն այն ժամանակ է, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: