3 ապրիլի 2020 - 12:28 AMT
Բուժաշխատողների համար Երևանում ավտոբուսներ կգործեն

ՀՀ պարետի ցուցմամբ Երևանում բուժաշխատողների համար ավտոբուսներ կգործեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատության մոտ 650 աշխատակցի ամենօրյա երկկողմանի տեղափոխումը։ Տեղափոխումը կիրականացվի դիտարկված թվով 40 երթուղիներով՝ օրական 3-անգամյա ռեժիմով»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Չեն գործում հասարակական տրանսպորտն ու մետրոն։