6 ապրիլի 2020 - 14:21 AMT
Փոխնախարար․ ԵԱՏՄ-ից բուժսարքեր ու դեղորայքի հումք կներկրվի՝ առանց մաքսատուրքի

ԵԱՏՄ-ից բժշկական սարքավորումների և դեղորայքի արտադրության համար անհրաժեշտ հումքատեսակների ներմուծումը մինչև սեպտեմբեր 30-ն առանց մաքսատուրքի կարվի, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նա նշել է, որ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն արգելվում է առաջին անհրաժեշտության որոշ պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից, Միության ներսում ապրանքաշրջանառություն իրականացվել կարող է։

ԵԱՏՄ անդամ պետություններն են ՀՀ-ն, ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը։

Սիմոնյանն ասել է նաև, որ մեկ այլ որոշմամբ մի շարք ապրանքների (կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար) ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն մինչև հունիսի 30-ը։

Սիմոնյանի խոսքով՝ ախտահանիչ նյութեր արտադրելու համար դիմած 20 ընկերությունից 19-ն ունեցել են ապրանք արտադրելու համապատասխան սերտֆիկատ։ Անդրադառնալով շուկայում գնաճին՝ փոխնախարարը հայտնել է, որ այն մեղմելու համար այլընտրանքային տարբերակներ են մշակվում և հորդորել տնտեսվարողներին տրամադրել ՀԴՄ կտրոններ։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար 9 ծրագիր է առաջարկել՝ 4-ը տնտեսվարողների համար, 5-ը՝ սոցիալական բնույթի։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից