6 ապրիլի 2020 - 22:34 AMT
Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը փոփոխվել է (Ֆոտո)

Պարետի N 34 որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների:

Հայկական միասնական հարթակից տեղեկացնում են, որ տեղեկանքի տարբերակն ուժի մեջ է մտնում ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:

Ձևաթղթում ավելացել են նաև ընկերության ՀՎՀՀ-ի, հասցեի և հեռախոսահամարի համար առանձին դաշտեր։

Բացի այդ, պարետի որոշմամբ փոփոխվել են նաև մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման որոշ կետեր. դրանք են`

  1. «Հավելված N 1-ի 5-րդ կետի 1-ին ենթակետում «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» բառերը փոխարինել «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» խմբագրությամբ.
  2. Հավելված N 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինել «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով.
  3. Հավելված N 1-ի Ձև N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Ձև N 1-ի.
  4. Հավելված N 2-ի Աղյուսակ 1-ում «Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ» բառերը լրացնել «բացառապես հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու պայմանով» բառերով.
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 23:59-ին` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին»:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։