Facebook սոցցանցն օգտատերերի տեղակայման տվյալները կհավաքի և կփոխանցի հետազոտողներին՝ Covid-19-ի դեմ պայքարելու նպատակով։ Ընկերությունում պնդում են, որ բոլոր տվյալներն անանուն են լինելու, գրում է Tjournal-ը։
Facebook-ը հայտարարել է, որ նոր գործիքներ կներմուծի, որոնք կնպաստեն կորոնավիրուսի դեմ պայքարին։ Օգտատերերի տեղակայման մասին տվյալները թույլ կտան․
• Հաշվարկել հավանականությունը, ըստ որի մարդիկ նույն թաղամսում շփում կունենան միմյանց հետ
• Տեղեկանալ շրջաններում կամ թաղամասերում շարժման միտումների մասին՝ որտեղ են առավել հաճախ լինում մարդիկ և ուր են գնում
• Կազմել շրջանների միջև սոցիալական կապի գործակից և կանխատեսել վիրուսի տարածման հավանականությունը։
Ընկերությունը պնդում է, որ չի հետևելու կոնկրետ մարդկանց տեղաշարժին, իսկ փոխանցված ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է լինելու։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։