Մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնք չեն կարողացել Մոսկվայից վերադառնալ ապրիլի 6-ի և 7-ի չվերթերով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիաընկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան է վերադարձել ՌԴ-ում գտնվող 400-ից ավելի ՀՀ քաղաքացի:
«Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու հարցում աջակցություն ցուցաբերած մեր բոլոր հայրենակիցներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ վերոնշյալ թռիչքներով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում են լինելու:
Մոսկվա-Երևան առաջին հատուկ չարթերային թռիչքն իրականացվել է ապրիլի 6-ին, սակայն բոլոր ցանկացողները չեն կարողացել օգտվել դրանից։ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար: