9 ապրիլի 2020 - 10:43 AMT
Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխային բարեհաջող վիրահատել են

Կորոնավիրուսով վարակված 4-ամյա երեխային Երևանի համալսարանական հիվանդանոցում դիմածնոտային վիրահատություն են անցկացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 8-ին։ Դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրել են վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի։ Ապաքինվել է 114 մարդ։ Մահվան 9 դեպք է գրանցվել։