Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 921-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 40-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք, որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է և վիճակագրական տվյալները մարդկային գործոնով պայմանավորված չեն: Նախարարության սկզբունքը մնում է նույնը` լինել բաց և թափանցիկ, ինչի համար էլ ներկայացնում ենք հետևյալ պարզաբանումը»,- պարզաբանել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։
Մահվան ելքով 10 դեպք է գրանցվել՝ ավելանալով ևս մեկով: Մահացածը 80-ամյա պացիենտ է, ով ունեցել է կորոնավիրուս, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։
ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից