9 ապրիլի 2020 - 11:28 AMT
Փաշինյան․ Բուժաշխատողներն ու թոքաբորբով հիվանդները կթեստավորվեն

Բոլոր բուժաշխատողները, ինչպես նաև վիրուսային հիվանդություն և թոքաբորբ ունեցող պացիենտները կթեստավորվեն։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ թեստավորումը կսկսվի ապրիլի 10-ից։

Վարչապետը հայտնել է նաև, որ 40 օրվա կտրվածքով տվյալների համակարգում 12 անճշտություն է հայտնաբերվել, ինչը թույլատրելի է նման պայմաններում։ Նա հավելել է, որ կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 921-ի՝ հաշվի առած նաև այդ 12 անճշտությունը։

Ապրիլի 9-ի դրությամբ ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։

Մահվան ելքով 10 դեպք է գրանցվել՝ ավելանալով ևս մեկով: Մահացածը 80-ամյա պացիենտ է, ով ունեցել է կորոնավիրուս, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։