ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պայմանը, ըստ այդմ` նա ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին, հայտնում են Սարգսյանի գրասենյակից։
Ապրիլի 7-ին Սարգսյանի գրասենյակից հայտնել էին, որ նա կմասնակցի ապրիլի 16-ի նիստին, եթե դրա ձայնագրությունից մեկ օրինակ իրեն տրամադրվի։ Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն գրություն էր ուղղել երրորդ նախագահին՝ մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին:
Հանձնաժողովը գրությամբ պատասխանել է, որ ՀՀ երրորդ նախագահին առանց որևէ նախապայմանի կտրամադրվի իր մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը:
«Ի պատասխան Ձեր գրության հայտնում եմ, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի` Ձեր մասնակցությամբ հատվածի տեսագրությունը կտրամադրվի Ձեզ, ինչը ենթադրում էր նաև մեր նախորդ գրության բովանդակությունը»,- նշված է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պատասխանում։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մեղադրվում է մոտ կես մլրդ դրամի հափշտակության համար։