24 դեկտեմբերի 2008 - 15:44 AMT
Բաբաջան. Երեւանի եւ Բաքվի ու Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա խնդիրներրի լուծումը դեռեւս երբեք այդքան մոտ չի եղել
Հայաստանի եւ Թուրքիայի ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների լուծումը դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից այդքան մոտ չի եղել, որքան որ հիմա է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը հավատում է, որ Բաքվի եւ Անկարայի հետ ունեցած խնդիրների լուծումը կայունություն եւ բարգավաճում կբերի ողջ տարածաշրջանին»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը` ավելացնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն արդեն ցուցաբերել են անհրաժեշտ կամքը այդ խնդիրների լուծման համար:

«Եթե Երեւանն ու Բաքուն առաջընթացի հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ապա դա կհեշտացնի նաեւ մեր աշխատանքը: Մենք այժմ այն փուլում չենք, որպեսզի ներկայացնենք բանակցությունների վերջնական կետերը, բայց մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել»,- հայտնել է Ալի Բաբաջանը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են 1994թ.-ից: Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով փակել է Հայաստանի հետ սահմանը: