24 դեկտեմբերի 2008 - 16:16 AMT
ԵՄ. Կովկասի խնդիրները կարգավորելու Իրանի փորձերը միշտ էլ կոնստրուկտիվ են եղել
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այցելել է Իրան, որտեղ հանդիպել է Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով մեջլիսի հանձնաժողովի մամլո քարտուղար Քազիմ Ջալալիի հետ: Հանդիպմանը Քազիմ Ջալալին նշել է, որ ԵՄ-ն առանձնահատուկ դիրքորոշում ունի Իրանի արտաքին քաղաքականության առնչությամբ, եւ հույս հայտնել, որ Եվրամիությունը կոնստրուկտիվ դեր կխաղա տարածաշրջանում եւ աշխարհում:

Փիթեր Սեմնեբին իր հերթին շոշափել է Կովկասի շուրջ իրանական իշխանությունների բանակցությունները եւ ընդգծել, որ այդ ուղղությամբ Իրանի փորձերը միշտ էլ կոնստրուկտիվ են եղել: Նա ողջունել է նաեւ Իրանի համագործակցությունը ԵՄ հետ տարածաշրջանային անվտանգության հարցերում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Իրանից հետո ԵՄ ներկայացուցիչն ուղեւորվել է Ադրբեջան: