ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել է, որ Գրիգորյանի ինքնազգացողությունն ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է։
«Տևական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան: Ըստ ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Ն.Ավետյանի մասնագիտական կարծիքի՝ Հայաստանում արդեն իսկ կատարվել են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ և բավարար բուժումներ Հայաստանում գտնվող լավագույն բուժհաստատություններում, սակայն հիվանդի վիճակն ավելի է վատթարացել, որը տեղի է ունեցել ոչ թե բժիշկների անգործության կամ անհետևողականության պատճառով, այլ նրանով, որ Հայաստանում բացակայում են տվյալ համալիր հիվանդություններով պայմանավորված անհրաժեշտ դեղամիջոցներն ու սարքավորումները: Նման պայմաններում հեղինակավոր բժիշկը գտել է, որ հիվանդը կմահանա»,- ասվում է փաստաբանի հայտարարությունում:
Ըստ Բաղդասարյանի՝ Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել և վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն է ուղարկել, որ անհապաղ հիվանդին պետք է ուղարկել իրենց կլինիկա:
«Ի՞նչ արեց առողջապահության նախարարը, նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա:
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման հետևանքների ամբողջ պատասխանատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով. խոսքն ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մասին է: