ՀՀ-ում սոցիալական աջակցության միայն 3 ծրագրից օգտվել է մոտ 18,000 քաղաքացի (1․4 մլրդ դրամ բյուջեով), ևս 27,000 քաղաքացու գումար կփոխանցվի ապրիլի 15-ից, հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով՝ Կառավարության կողմից տրվող աջակցությունն իրավիճակային է և չի կարող բավարար լինել բոլոր խնդիրները լուծելուն։ Նա նշել է, որ իրենք պետք է մտածեն պետական ծրագրեր իրականացնելու մասին։
Բաթոյանը նշել է, որ Կառավարության ընդունած 11 ծրագրից 6-ը սոցիալական բնույթի են։ Նախարարը հիշեցրել է, որ ծրագրերից չորրորդը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող աշխատանքից ազատվածներին, 6-րդը՝ մասնավոր սեկտորում գրանցված աշխատանքից ազատվածներին (6723 շահառու), 7-րդ ծրագիրը վերաբերում է չաշխատող հղի կանանց, որոնց ամուսինը նույնպես չի աշխատում (5900-ից ավելի շահառու և ցանկը թարմացվում է), 8-րդը՝ տուժած ոլորտներում գրանցված աշխատողներին (27,000 հաստատված դիմում), 9-րդը՝ երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում։ Վերջին 11-րդ միջոցառումը վերաբերում է փետրվար ամսին 10,000 դրամը չգերազանցող գազի և 5000 դրամը չգերազանցող էլէներգիայի ծախս ունեցած բաժանորդներին (222,000 շահառու)։
Անդրադառնալով սոցաջակցության՝ կոմունալներին վերաբերող ծրագրին, Բաթոյանը հայտնել է, որ տրվող գումարը կարող է նաև կանխավճար լինել՝ հետագա ամիսների համար։
Բաթոյանը նշել է, որ նախարարությունը երկու թեժ գիծ է գործարկել՝ 114 և 011 300-114 (վերջինը միայն աշխատանքային օրերին և ժամերին է գործում)։ Նախարարի խոսքով՝ ծրագրերի իրականացման ընթացքում խոչընդոտներից մեկը չգրանցված աշխատողներ ունենալն է, ըստ նախարարի՝ ֆորմալ փաստաթղթավորումը կարևոր է ծրագրի շահառուներին ճշտորեն թիրախավորելու համար։
Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է գրանցվել, վարակման ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1067-ի: 16 հոգի մահացել է։
Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:
Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից