15 ապրիլի 2020 - 10:17 AMT
ՀՀ նախագահը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։

Հեռախոսազրույցում նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում իրադարձություններով և մասնավորապես տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։

«Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է՝ իր պետական մարմիններով և, ամենակարևորը, իր քաղաքացիներով: Այսօր առավել քան երբևէ մենք միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք»,-ասել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել և ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ։

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախնական տվյալներով ստացել է ձայների 87%-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս)։ Մայիլյանը 2-րդ փուլից առաջ կոչ էր արել իր ընտրողներին չմասնակցել քվեարկությանը։