15 ապրիլի 2020 - 12:05 AMT
ԿԸՀ․ Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահ է ընտրվել ձայների 88 %-ով

Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ձայների 88 %-ով ընտրվել է հանրապետության ղեկավար։

Համաձայն ԱՀ ոստիկանության տվյալների` ընտրություններին մասնակցել է 47,050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):

Արայիկ Հարությունյանի օգտին քվեարկել է 39,860 ընտրող կամ ընտրողների 88%-ը, իսկ Մասիս Մայիլյանի օգտին՝ 5428 ընտրող կամ 12%-ը:

ԱՀ նախագահ ընտրվելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 21-ին:

ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել են Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ընտրության մասնակիցների քվեների 49,26 տոկոսը, և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը (26,4 տոկոս)։ Մայիլյանը 2-րդ փուլից առաջ կոչ էր արել իր ընտրողներին չմասնակցել քվեարկությանը։