Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը, նման եզրահանգման են եկել Aix-Marseille համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Ռեմի Շարելի գլխավորությամբ, փոխանցում է SCMP-ն։
Ուսումնասիրության շրջանակում ֆրանսիացի հետազոտողներն աֆրիկյան կապիկի (Chlorocebus) երիկամների բջիջները վարակել են Բեռլինից մի պացիենտից վերցված վիրուսով։ Բջիջները տեղափոխվել են երկու տարբեր «մաքուր» և «կեղտոտ» խողովակների մեջ՝ ապահովելով կենսաբանական աղտոտման բնական օրինակ։
Փորձի ժամանակ լաբորատորիայում գիտնականները հետևողականորեն բարձրացրել են ջերմաստիճանը՝ հետևելով 2 տարբեր շտամում կորոնավիրուսի «վարքին»։
Պարզվել է, որ որոշ շտամեր օրգանիզմում կարող են բազմանալ նույնիսկ 60 աստիճանի տակ՝ ընդ որում, նման ջերմաստիճանն ապահովվել է մեկ ժամ։
Չնայած դրան, մաքուր միջավայրում վիրուսային նման շտամերն ամբողջովին ոչնչացվել են։
Նշվում է, որ վիրուսի շտամերը կեղտոտ միջավայրում ամբողջապես ոչնչացնելու համար գիտնականներին անհրաժեշտ է եղել ապահովել 92 աստիճան ջերմություն՝ մոտ 15 րոպե։
Ավելի վաղ գիտնականները կարծիք էին հայտնել, որ բարձր ջերմաստիճանը կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է նվազեցնել։ Հետազոտությունները, սակայն ցույց են տալիս, որ ջերմաստիճանն ազդեցություն չի ունենում վիրուսի տարածման վրա։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 մլն-ից։